Երևանի ընտրություններ՝ հնարավոր կեղծիքներ և անհամաչափություններ
Երևանի ավագանու ընտրություններում ամփոփվել են բոլոր 475 ընտրատեղամասերից ստացած նախնական արդյունքները: Ըստ հրապարակված տվյալների, Երևանի ավագանի ընտրվելու անհրաժեշտ շեմը հաղթահարել է հինգ ուժ։
ՔՊ-ի օգտին քվեարկել է ընդամենը 75463 ընտրող, որը կազմում է քվեարկությանը մասնակցածների 32.57 %, երկրորդ տեղում է «Ազգային առաջադիմությունը»՝ 18.89 % (43.765), երրորդ տեղում է «Մայր Հայաստանը»՝ 15.43 %, (35.739), «Հանրապետություն»՝ 11.32 % ձայն (26.236), հինգերորդը՝ «Հանրային ձայնն» է, որի օգտին քվեարկել է մասնակիցների 9.68 %-ը (22.431)։
Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 234 553 քաղաքացի կամ ընտրողների 28.46 տոկոսը։
Կեղծիքի աստիճանի հետազոտություն
Ուսումնասիրենք ընտրություններում անհամաչափությունները և կեղծիքի հավանականության աստիճանը։
Ընդհանուր մեթոդաբանությունը հիմնված է մասնակիցների թվի և որոշակի թեկնածուի հավաքած ձայների տոկոսի հարաբերության վրա։ Տվյալները վերցվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից, որոնք կարող եք ներբեռնել հետևյալ հղումով՝ Քվեարկության արդյունքներն ըստ տեղամասերի։ Հաշվարկների և գծապատկերների կոդը զետեղված են այս կայքէջում՝ github.com։ Այս նյութը նաև առկա է tvyal.com կայքէջում։ Ուսումնասիրությունը կատարելու համար հաշվարկվել է 2 հիմնական ցուցանիշ՝ քվեարկողների մեջ տվյալ կուսակցությանը տրված ձայների տոկոսը և քվեարկության մասնակիցների տոկոսը։ Եթե այս 2 ցուցանիշները չունեն կախվածություն, ապա ընտրությունները ամենայն հավանականությամբ ազատ ու առանց կեղծիքների են անցել։ Օրինակի համար՝ եթե որևէ ընտրատարածքում ընտրություններին մասնակցել է ընտրողների 95 տոկոսը և որևէ կուսակցությանը ձայն տվել են նույնպես 95 տոկոսը, իսկ ընդհանուր բաշխվածության մեջ այս ցուցանիշները մոտ են 50 տոկոսի, ապա սա հարցեր է առաջացնում։
Աղյուսակում ներկայացված է շեմը հատած 5 թեկնածուների ձայների քանակը, տոկոսային կշիռը, ինչպես նաև կոռելացիան։ Վերջին սյունյակը քվեարկողների մեջ տվյալ կուսակցությանը տրված ձայների տոկոսի և քվեարկության մասնակիցների տոկոսի կոռելացիան է։
Աղյուսակ 1․ Շեմը հատած թեկնածուների ցուցանիշները
| Թեկնածու | ձայն | տոկոս | կորելացիա |
|---|---|---|---|
| 1. Հանրային Ձայն Կուսակցություն | 22 431 | 9.69% | -0.184 |
| 2. Քաղաքացիական Պայմանագիր Կուսակցություն | 75 463 | 32.60% | -0.329 |
| 7. Ազգային Առաջընթաց Կուսակցություն | 43 765 | 18.91% | 0.016 |
| 9. Հանրապետություն Կուսակցություն | 26 236 | 11.33% | 0.118 |
| 14. Մայր Հայաստան Կուսակցությունների Դաշինք | 35 739 | 15.44% | 0.390 |
Այստեղ ամենամեծ շեղումը ունեն 2-րդ (ՔՊ) և 14-րդ (ՄՀԿԴ) թեկնածուները, որոնց կոռելացիաները համապատասխանաբար -0.329 և 0.390 են։
Դիտարկենք այս ցուցանիշները գծապատկերի միջոցով։
Գծապատկեր 1․ Շեմը հատած թեկնածուների բաշխվածությունները

2-րդ թեկնածուն գրանցել է բացասական կոռելացիա՝ -0.329։ Սա ցույց է տալիս, որ ինչքան ընտրատարածքում մասնակիցների տոկոսը մեծանում է, այնքան 2-րդ թեկնածուի ձայների տոկոսը նվազում է: Այսինքն այն ընտրատարածքներում, որտեղ ընտրողների տոկոսը ավելի մեծ է, այս թեկնածուն ավելի քիչ ձայներ է հավաքել։ Այսինքն 2-րդ թեկնածուի աջակցությունը նվազում է, ինչքան ընտրատարածքը ավելի ակտիվ է:
14-րդ թեկնածուն ունի հակառակ տենդենցը, այն գրանցել է դրական կոռելացիա՝ 0.390։ Սա ցույց է տալիս, որ ինչքան ընտրատարածքում մասնակիցների տոկոսը մեծանում է, այնքան այս թեկնածուի ձայների տոկոսը նույնպես հակված է աճել: Դա կարող է պայմանավորված լինել ընտրողների ավելի մեծ մասնակցությամբ այն շրջաններում, որտեղ այս կուսակցությունն ավելի մեծ աջակցություն ունի:
7-րդ թեկնածուի մոտ (ԱԱԿ) կոռելացիան ամենամոտն է 0-ի, որը նշանակում է, որ քվեարկողների և տվյալ թեկնածուին տրված ձայների հարաբերակցությունը համահունչ է և անկախ։
Նշենք, որ 0.4-ին մոտ բացարձակ կոռելացիաները դեռ չեն նշանակում, որ ընտրությունների ժամանակ տեղի են ունեցել խարդախություններ։ Ընդհանուր բաշխվածությունները ունեն նորմալ տեսք, սիմետրիկ են և ունեն մի հստակ գագաթ, որը վկայում է այն մասին, որ լցոնումներ և խարդախություններ ամենայն հավանականությամբ չեն եղել։
Ընտրատարածքների ակտիվության գնահատական
Ակտիվ ընտրատարածքներում ՔՊ-ն հավաքել է 2% պակաս ձայն, իսկ պասիվ ընտրատարածքներում, հակառակը՝ 2.5% ավել ձայն։
Բոլոր ընտրատարածքներում ընտրություններին մասնակցել են իրավունք ունեցողների 28.4%։ Ակտիվ ընտրատարածքներում, որոնց քվեարկության մասնակիցների տոկոսը մեծ է միջինից, միջին մասնակցության տոկոսը եղել է 31.8%։ Պասիվ ընտրատարածքներում միջին մասնակցության տոկոսը եղել է 24.9%։
Ինչպես երևում է գծապատկերից, պասիվ ընտրատարածքներում 2-րդ թեկնածուն հավաքել է 35.07 տոկոս ձայն, ակտիվ ընտրատարածքներում՝ 30.75 տոկոս ձայն․ իսկ 14-րդ թեկնածուն, հակառակը՝ պասիվ ընտրատարածքներում 13.58 տոկոս ձայն, ակտիվ ընտրատարածքներում՝ 16.68 տոկոս ձայն։
