ՀՀ առևտրաշրջանառության վերլուծություն
Այս շաբաթվա նյուզլեթի նպատակն է լուսաբանել Հայաստանի առևտրաշրջանառության ուղղությունները։ Այս նյութի նպատակն է լուսաբանել, թե որտեղ և ինչ ենք արտահանում և ինչ պոտենցիալ ունի մեր պատրաստի, բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանքը արտասահմանում։
Այս, ինչպես նաև մեր կողմից հրապարակվող այլ նյութերի վիճակագրական տվյալները և կոդը հասանելի են, տե՛ս գիթհաբի հղումը ներքևում։
1.1. Հայաստանի առևտուրը Ռուսաստանի հետ մի քանի խոսքով
2023 թվականի սեպտեմբերի դրությամբ Հայաստանը 24 տոկոսով ավելի շատ ապրանք է արտահանում Ռուսաստան, քան ներմուծում է։ 2023 թվականի սեպտեմբերին նախորդ 12 ամիսների կտրվածքով արտահանվել է 3.68 մլրդ դոլարի ապրանք, իսկ ներմուծվել է 2.97 մլրդ դոլարի ապրանք։ Ընդհանուր արտահանման ավելի քան 52 տոկոսը (կեսից ավելին) արտահանվում է Ռուսաստան և դա հիմնականում բարձր ավելացված արժեք ունեցող վերջնական արտադրանք է, տես՝ գծապատկեր 1։
Հաշվի առնելով այս հանգամենքը, կարելի է պնդել, որ այս պահին Ռուսաստանի տնտեսությունը Հայաստանից ինչ-որ տեղ ավելի շատ է կախված։
2021 թվականին տարեկան արտահանումը կազմում էր 841 մլրդ դոլար, իսկ ներմուծումը մոտ 2 անգամ ավել էր՝ 1,79 մլրդ դոլար։ Այս պահին հարաբերությունը հակառակն է։ Վերջին 2 տարվա ընթացքում արտահանումը աճել է ավելի քան 4 անգամ։
Մեր գնահատականով վերաարտահանումը արտահանման մեջ կազմել է 43 տոկոս։ Ինչպես երևում է գծապատկերից, 2023 թվականի կեսերին արտահանումը հասել է իր գագաթնային կետին և այս պահին արտահանման ցուցանիշները դեպի Ռուսաստան ամենայն հավանականությամբ անկման տենդենց ունեն։ (Վերաարտահանման մասին ավելի մանրամասն՝ Tvyal Newsletter - 2023-09-11)։
Գծապատկեր 1. Հայաստանի առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ և կանխատեսումը
1.2. Որո՞նք են Հայաստանի հիմնական առևտրային գործընկերները և ուր է գնում պատրաստի արտադրանքը։
Գծապատկեր 2-ում ցույց տված ցուցանիշների մեջ դեպի ԵԱՏՄ 84 արտաքին տնտեսական գործունեության հոդվածից վերև գրեթե բոլոր ապրանքները վերաարտահանվում են, ինչպես նաև դեպի Միջին Արևելք 71-րդ հոդվածը (թանկարժեք քարեր և մետաղներ) նույնպես վերաարտահանվում է։
Դեպի ԵԱՏՄ այս պահին գնում է ընդհանուր արտահանման 55.6 տոկոսը, մոտ 3.8 մլրդ դոլար, դեպի Միջին Արևելք արտահանման մոտ 18․8 տոկոսը, 1․3 մլրդ դոլար։ Այսինքն՝ դեպի ԵԱՏՄ արտահանվում է ապրանքի կեսից ավելին։
Դեպի Չինաստան առյուծի բաժինը պղնձի հանքաքարն է (25-րդ հոդված), այս ուղղությունը կազմում է արտահանման 6.1 տոկոսը։
Դեպի Եվրամիություն արտահանման հիմնական մասը հանքաքարն է և մետաղները (76 տոկոս), բացառություն է կազմում 2013 թվականից զարգացում ապրած թեթև արդյունաբերությունը, որը այս պահին դեպի ԵՄ արտահանման 18 տոկոսն է։ ԵՄ-ն կազմում է ընդհանուր արտահանման 10.7 տոկոսը 0.73 մլրդ դոլարով։
Դեպի ԵԱՏՄ, հիմնականում Ռուսաստան, արտահանումը ունի ամենադիվերսիֆիկացված տեսքը, արտահանվում է բարձր ավելացված արժեք ունեցող վերջնական արտադրանք։ Իհարկե պետք է հանենք վերաարտահանումը, որը այս պահին այդ ուղղությամբ արտահանման կեսից ավելին է (տե՛ս 84-րդ հոդվածից բարձր հոդվածները)։ Սակայն նույնիսկ եթե հանենք այդ հոդվածները գծապատկերից (մուգ կապույտ և մուգ կարմիր), ապա աճը այստեղ նույնպես զգալի է, գրեթե 2 անգամ։
Պետք է նշել, որ վերաարտահանման մեջ Հայաստանի տնտեսության համար կարևոր հոդված է մեքենաների արտահանումը, որը նույնպես որոշակի խթան հանդիսացել է տնտեսության զարգացման համար։
- Հաշվարկները 2023 թվականի համար արված են հուլիս ամսից վերջին 12 ամիսների կտրվածքով։
Գծապատկեր 2. Հայաստանի արտահանման կառուցվածքը ըստ գործընկեր տարածաշրջանների և ապրանքնատեսակների (2010-2023)
ՀՆԱ-ի հարաբերությունը Հարավային Կովկասի տնտեսություններում
Ներկա քաղաքատնտեսական զարգացումների համատեքստում կարիք կա նաև ուսումնասիրել Հարավային Կովկասի 3 պետությունների ՀՆԱ-ի դինամիկան, որը թույլ է տալիս ավելի հստակ պատկերացում կազմել պատմական իրողությունների վերաբերյալ։
Գծապատկեր 3-ում զետեղված ամենակարևոր ցուցանիշը գնողունակության համարժեքությամբ հաշվարկված ՀՆԱ-ն է (GDP PPP), որը ցույց է տալիս, թե որքան համարժեք ապրանք (նաև զենք, զինամթերք) իր միջոցներով կարող է պետությունը գնել։ 2022 թվականին GDP PPP Հայաստանի համար կազմել է 52.7, Վրաստանի՝ 74.7, իսկ Ադրբեջանի համար 180.8 մլրդ դոլար։
Մինչ 2004 թվականը Հարավային Կովկասի պետությունների ՀՆԱ-ի ցուցանիշները համարժեք էին։ Մեկ շնչի հաշվով Հարավային Կովկասի պետությունները համարժեք են։ Գնողունակության համարժեքությամբ հաշվարկված մեկ շնչով ՀՆԱ-ի ցուցանիշը (GDP per capita, PPP) ցույց է տալիս, թե տվյալ պետությունում միջին անհատի հարստության մակարդակը։
Գծապատկեր 3. ՀՆԱ-ի համեմատությունը Հարավային Կովկասի պետություններում


