Բենզինի գնը իջնելու է մինչև 400
➡️Բենզինի գինը մոտակա 2 ամսում կարող է իջնել՝ 400 դրամ
Հայաստանի ու ԱՄՆ բենզինի գնի համեմատությունը (տես առաջին գծապատկերը)։
Նշեմ, որ ճիշտ չէ ուղիղ համեմատել բենզինի գինը Հայաստանում և ԱՄՆ-ում, քանի որ ԱՄՆ-ն նավթ արտադրող և սպառող ամենախոշոր պետությունն է, որը OPEC+ երկրներից արդեն գրեթե նավթ չի ներմուծում։ Հայաստանը նավթի պաշարներ չունի և բենզին է ներմուծում Ռուսաստանից։ Սակայն համաշխարհային նավթի գները ազդում են բենզինի գնի վրա և՛ ԱՄՆ-ում և՛ Հայաստանի շուկայում, որը երևում է գծապատկերից։ Բենզինի գինը նույն աճի ու նվազման տենդենցներ ունի գրեթե բոլոր պետություններում։
Այս պահին բենզինի գինը Հայաստանում ռեկորդային բարձր է։ Ուշադրություն դարձրեք, որ սեպտեմբերի 8-ից բենզինի գինը Հայաստանում գրեթե չի փոխվել՝ 1.32 դոլար, և հոկտեմբերի 4-ին գրանցված ռեգուլյար բենզինի գնի բարձրացումը 540-ից 570 դրամ հիմնականում պայմանավորված էր դրամի արժեզրկմամբ՝ 380-ից 402 դրամ։ Դոլարով ներմուծման գինը չի փոխվել։
Գծապատկեր 1. Բենզինի և դեզելային վառելիքի գների համեմատություն Հայաստանում և ԱՄՆ-ում
* Նշումներ՝ ՀՀ շուկայական գինը փոխարկվել է դոլարի օրվա միջազգային
փոխարժեքով։
➡️Իջնելո՞ւ է արդյոք բենզինի գինը։
Քննարկենք այն հնարավոր նախապայմանները, որոնք կարող են իջեցնել բենզինի գինը։
- ԱՄՆ բենզինի գների իջեցում։ Բենզինի գինը ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում սեպտեմբերի 30-ին իջել է 1.03 դոլարից մինչև 0.69 ցենտ։ Նորից նշեմ՝ ԱՄՆ և Հայաստանի բենզինի գները տարբեր շուկայական մեխանիզմներով են ձևավորվում, բայց երկուսի վրա էլ ազդում են համաշխարհային նավթի գները։
- Համաշխարհային նավթի գների իջեցում։ Ռուսական Urals նավթի գինը սեպտեմբերի 30-ին պիկային կետում 80 դոլար էր բարելի համար, այս պահին 65 դոլար է մեկ բարելի համար, գինը իջել է մոտ 20 տոկոսով։ Նույն ժամանակահատվածում իջել են նաև նավթի այլ նիշերը (տես գծապատկեր 2)։
- Ռուսական բենզինի արտահանման արգելքի դադարեցում։ Ռուսաստանը սեպտեմբերի 21-ին ժամանակավոր արգելք էր դրել բենզինի և դիզելային վառելիքի արտահանմանը, բացառությամբ ԵԱՏՄ երկրներ։ Այս քայլի նպատակն էր հագեցնել Ռուսաստանի շուկան վառելիքով և իջեցնել ներքին շուկայում դրա գինը։ Այս քայլը նույնպես սահմանափակեց համաշխարհային բենզինի առաջարկը։ Բենզինի և դիզելային վառելիքի արտահանման սահմանափակումները արդեն հանվել են՝ համապատասխանաբար հոկտեմբերի 7-ին և 22-ին։ Սա նորից մեծացրեց արտաքին շուկայում վառելիքի առաջարկը։
- Դրամի հնարավոր արժևորումը 402-ից մինչև 380 դրամ։ Վերջին ժամանակահատվածում գրեթե բոլոր զարգացող պետությունների արժույթները արժևորվել են։ Ռուբլին արժևորվել է 9 տոկոսով, Ղազախական տենգեն` 4 տոկոսով, Լեհական զլոտին 9 տոկոսով, եվրոն՝ 4 տոկոսով (տես գծապատկեր 3)։ Այս տենդենցը դեռ շարունակվում է։ Սա ճնշում է գործադրում նաև մեր շուկայի վրա, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ դոլարի ծավալը վերջին 2 ամսում Հայաստանի շուկայում որոշակիորեն մեծացել է։
➡️Ինչքանո՞վ կարող է նվազել բենզինի գինը մեր շուկայում։
Նավթի գնի իջեցումը բենզինի գինը կարող է իջեցնել 20 տոկոսով, իսկ դրամի արժևորումը 402-ից մինչև 380՝ 5 տոկոսով։ Այդ դեպքում գումարային մոտ 25 տոկոսով կարող է բենզինի գինը իջնել մոտակա 2-3 ամսում։ Դառնալով՝ ռեգուլյարը 400 դրամ, պրեմիում բենզինը՝ 430 դրամ։
Գծապատկեր 2. Համաշխարհային նավթի գների և Հայաստանի բենզինի գնի համեմատություն
- Թե ինչպե՞ս և ո՞վ է ձևավորում բենզինի գինը ներքին շուկայում, կարդացեք նախորդ վերլուծությունը
- Իմ նախկին կանխատեսումներից, որոնք իրականացել են. ռուբլին արժևորվելու է մինչև 88-82 ռուբլի 1 դոլարի համար Այս կանխատեսումը իրականացրել եմ 2 ամիս առաջ՝ այն կետին, երբ 1 դոլարը 98 ռուբլի էր։
Գծապատկեր 3. Դոլարի արժեզրկում։ Տարածաշրջանի մի շարք փոխարժեքների դինամիկան (01-11-2023 = 100%)
Բենզինի գնի կանխատեսում մեքենայական ուսուցման մոդելների միջոցով
Այս հատվածը ունի տեխնիկական բնույթ։
Մեր կողմից կառուցվել է նաև մի շարք մոդելներ (նաև մեքենայական ուսուցման), որոնք կանխատեսում են բենզինի գինը ներքին շուկայում՝ օգտագործելով միջազգային նավթի գինը 30 օրվա լագով։ Սա թույլ է տալիս կանխատեսել բենզինի գինը հաջորդ 30 օրվա համար՝ հաշվի առնելով նավթի գնի վերջին փոփոխությունները։
Օգտագործված մոդելներն են՝ arima, auto_arima, arima_with_xgboost, prophet, seasonal_reg_stlm: Մոդելների ցուցանիշները տրված են ստորև․
| .model_id | .model_desc | mae | mape | mase | smape | rmse | rsq |
|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | REGRESSION WITH ARIMA(0,0,0) ERRORS | 0.2444 | 18.54 | 124.3 | 20.46 | 0.246 | 0.00826 |
| 2 | REGRESSION WITH ARIMA(0,1,0)(1,0,0)[12] ERRORS | 0.0026 | 0.19 | 1.3 | 0.19 | 0.003 | 0.00865 |
| 3 | ARIMA(0,0,0) WITH NON-ZERO MEAN W/ XGBOOST ERRORS | 0.2314 | 17.55 | 117.7 | 19.84 | 0.263 | 0.00466 |
| 4 | PROPHET W/ REGRESSORS | 0.0550 | 4.17 | 28.0 | 4.09 | 0.058 | 0.14917 |
| 5 | SEASONAL DECOMP: REGRESSION WITH ARIMA(5,1,3) ERRORS | 0.0119 | 0.90 | 6.0 | 0.90 | 0.015 | 0.00249 |
Ներքևում նշված գծապատկերը ինտերակտիվ է (կարդացեք այս նյութը մեր կայքում դրա համար)։ Այն ցույց է տալիս բենզինի գների կանխատեսումը ըստ նշված 5 մոդելների հաջորդ 30 օրվա համար։ Ըստ 12-օրյա seasonal_reg_stlm և auto_arima մոդելների՝ բենզինի գնի փոփոխություն մոտակա ամսում չի սպասվում։ Սակայն auto, arima_with_xgboost, prophet մոդելները կանխատեսում են, որ 1 ամիս հետո բենզինի գնի ամենահավանական արժեքները Հայաստանի շուկայում 1.05, 1 և 1.2 դոլար են լինելու համապատասխանաբար։
Գծապատկեր 4. Բենզինի գնի կանխատեսումը Հայաստանի շուկայում
Նորից նշեմ՝ այս կանխատեսման, գծապատկերների կոդը, ինչպես նաև տվյալների բազաները հասանելի են մեր Github-ում: Տվյալների բազաները ներառում են՝ բենզինի գինը Հայաստանում, համաշխարհային նավթի և բենզինի գները, մի շարք փոխարժեքների բազաները, բենզինի ներմուծման գնի վերաբերյալ և ներքին շուկայում վառելիքի գնաճի տվյալների բազաները։
Հավելյալ տեղեկատվություն.

