Գյուղատնտեսությունից արդյունաբերություն անցումը
Կամ գյուղատնտեսությունը կոլապսի է ենթարկվել
Ընդհանուր առմամբ այս 10 տարում ՀՆԱ-ն ավելի քան կրկնապատկվել է՝ 2013-ին կազմելով 6.38 տրիլիոն դրամ, իսկ 2023-ին ակնկալվում է, որ ՀՆԱ-ն լինելու է ավելի քան 13 տրլն դրամ: 10 տարի առաջ՝ 2013 թվականին, Հայաստանի ՀՆԱ-ի 19.5 տոկոսն ապահովում էր գյուղատնտեսությունը, որը կազմում էր 1.24 տրիլիոն դրամ, արդյունաբերությունը գտնվում էր երկրորդ տեղում՝ կազմելով ՀՆԱ-ի 14.3 տոկոսը, կամ 920 մլրդ դրամ:
2023 թվականին պատկերը հակառակն է. արդյունաբերությունն արդեն գտնվում է առաջին տեղում՝ ապահովելով ՀՆԱ-ի 17.3 տոկոսը, իսկ գյուղատնտեսությունն այս 10 տարվա մեջ գրեթե 20 տոկոս բաժնեմասից իջել է 10.2 տոկոսի:
Հուշագրավ է, որ այս 10 տարվա մեջ ՀՆԱ-ն աճել է ավելի քան 2 անգամ, իսկ գյուղատնտեսությունը գրեթե աճ չի արձանագրել՝ աճելով չնչին 5 տոկոսով: Արդյունաբերությունն այս 10 տարվա մեջ աճել է 2.5 անգամ: Գյուղատնտեսությունն արդեն գտնվում է 3-րդ տեղում՝ արդյունաբերությունից և մեծածախ ու մանրածախ առևտրից հետո:
Դիտարկենք նաև շինարարության ոլորտը, որի մասնաբաժինն այս 10 տարիների ընթացքում 13%-ից իջել է 9.1%-ի: Այս ոլորտում արձանագրվել է 40 տոկոս աճ: Անշարժ գույքի հետ կապված գործունեությունը (L) աճել է ավելի քան 2 անգամ:
Գծապատկեր 1. ՀՆԱ-ի մեջ ապրանքների և ծառայությունների թողարկման փոփոխությունը
Դիտարկենք, թե ապրանքների և ծառայությունների թողարկման որ ճյուղերն են ունեցել ամենազգալի աճն այս 10 տարիների ընթացքում:
Ինչպես երևում է, միակ ճյուղը, որը գրեթե նույնն է մնացել այս 10 տարիների ընթացքում, դա գյուղատնտեսությունն է: Այս ճյուղն այս ընթացքում աճ չի արձանագրել: Եթե հաշվի առնենք նաև գնաճը, ապա աճի տենդենցը բացասական է եղել: Փաստացի գրեթե բոլոր ճյուղերը գրանցել են 2 և ավելի անգամ աճ, բացի գյուղատնտեսությունից:
Ամենամեծ աճը գրանցել են (I) Կացության և հանրային սննդի կազմակերպման և (R) Մշակույթի, զվարճությունների և հանգիստի ոլորտները, որոնք այս 10 տարիների ընթացքում աճել են համապատասխանաբար ավելի քան 4.7 և 4 անգամ: Սա առաջին հերթին խոսում է Հայաստանում տուրիզմի զարգացման վերաբերյալ:
Ֆինանսական և ապահովագրական գործունեությունն աճել է ավելի քան 3.6 անգամ:
- Նշում. Այս հետազոտության մեջ 2023 թվականի տվյալները 2023 թվականի 1-ին, 2-րդ, 3-րդ, ինչպես նաև 2022 թվականի 4-րդ եռամսյակի կումուլատիվ գումարն են, որոնք ներկայացնում են տարեկան արժեքը:
Գծապատկեր 2. ՀՆԱ-ի կառուցվածքի 2013-ից մինչև 2023 թվականի աճի համեմատությունը
Սխալների ուղղում
Նախորդ նյութի մեջ առկա է կանխատեսման սխալ, որի պատճառն այն է, որ 2023թ. հուլիսից վիճակագրական կոմիտեում տեղադրված էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում ներառված են նաև էլեկտրաէներգիայի փոխհոսքերի մասով ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները: Տվյալների բազան ստացել է այս հաշվետվությունները համացանցից ավտոմատացված կերպով ներբեռնելով և տվյալների բազայի ավտոմատացված հաշվարկմամբ, որտեղ ամսվա տվյալը ստացվել է՝ տվյալ ամսվա կումուլատիվ գումարից հանելով նախորդ ամսվա կումուլատիվ գումարը:
Այս հանգամանքով անցած շաբաթ Ձեզ ուղարկած նյուզլեթերի մեջ 2023 թվականի հունիսի արևային էլեկտրաէներգիայի արտադրության տվյալն իր մեջ ներառում է այդ ամսվա կոմերցիոն արտադրության ծավալները, ինչպես նաև 2023 թվականի սկզբից մինչև հունիսը ներառյալ ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները: Դա է պատճառը, որ տվյալների մեջ առկա է հանկարծակի և չկրկնվող աճ 2023թ. հունիսին, որը ենթադրաբար կազմում էր այդ ամսվա արտադրության մոտ 30 տոկոսը: Սա սխալ է:
Նախորդ վերլուծության մեջ բոլոր գծապատկերները, հաշվարկները, կանխատեսումները և տեքստն արդեն ուղղված են: Սեղմեք այս հղումը ճշգրտված տարբերակին անցնելու համար: Հին տարբերակը չի ջնջվի և լինելու է այս հղման տակ:
Գծապատկերում արտացոլված էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան ծավալների ճշգրտված կանխատեսումը:
Գծապատկեր 3. Էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան ծավալները և կանխատեսումը


