Ամուր ընտանիք. հարուստ ընտանիք
Հայաստանի ընտանիքների ուսումնասիրություն
Ոչ լիարժեք ընտանիք է համարվում մեկ ծնողից և երեխայից բաղկացած ընտանիքը:
Ոչ լիարժեք ընտանիքները բնութագրվում են հետևյալ հատկանիշներով՝
- որբացած,
- ծնողազուրկ,
- ամուսնալուծված։
Դիտարկենք տնային տնտեսությունների եկամուտները ըստ դեցիլային խմբերի և այդ խմբերում սեռատարիքային կազմի։
123 հազար դրամը չգերազանցող ամսական եկամուտ ունեցող ընտանիքները գտնվում են 1-2 դեցիլային խմբերում։ Այս խմբին բնորոշ է տարեցների մեծ մասնաբաժինը, որոնց ընտանիքների ավելի քան 35 տոկոսը բաղկացած է 63 և բարձր տարիքի թոշակառուներից: Այս խմբի ընտանիքների միջին մեծությունը 2 մարդ է։ Այս ընտանիքները հիմնականում լիարժեք չեն, այս խմբում միայն մեկ երրորդն է, որ ամուսին ունի: Երեխաների ամենացածր մասնաբաժինը նկատվում է այս խմբում, աշխատունակ տարիքի անձանց ավելի ցածր կշռի հետ մեկտեղ:
Գծապատկեր 1. Տնային տնտեսությունների և տարիքային խմբերի բաշխվածությունը
Դեցիլային խմբերը տվյալների բազան բաժանում են տասը հավասար մասերի,
որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է ընդհանուր դիտարկումների 10%-ը՝
հավասար համամասնությամբ: Առաջին դեցիլը ներկայացնում է տվյալների
առաջին 10%-ը, երկրորդը ներկայացնում է երկրորդ 10%-ը և այլն, 10-րդ դեցիլը
ներկայացնում է տվյալների ամենաբարձր 10%-ը:
Ինչպես երևում է գծապատկերում, ինչքան տնային տնտեսությունը ավելի քիչ է ստանում եկամուտ, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ այդ տնային տնտեսությունում տարեցների քանակությունը ավելի մեծ կլինի։ Այսպես 123 հազար դրամից ցածր եկամուտ ստացող տնային տնտեսություններում 1/3-ը 63 և ավել տարիք ունեցող քաղաքացիներ են։ Այսպես այս խմբի վրա ավելի շատ են ընկնում առողջապահական ծախսերը:
Որքան մեծ է տնային տնտեսության գլխի տարիքը և որքան մեծ է տնային տնտեսության գլխի կին լինելու հավանականությունը, այնքան մեծ է ընտանիքի անապահով խավի մեջ հայտնվելու հավանականությունը: Անապահով տնային տնտեսությունները հիմնականում բաղկացած են տարեց կանանցից, ովքեր չունեն հարազատներ, որոնց մոտ 40 տոկոսն ունի հիմնական կրթություն:
Հարուստ խավն առանձնանում է ավելի մեծ ընտանիքներով, ինչի մասին է վկայում 10-րդ դեցիլային խմբում միջինը 5 հոգանոց ընտանիքների չափը։ Ապահովված տնային տնտեսություններն ունեն նաև աշխատողների մեծ թվով անդամներ, որոնցից երեքից ավելի անդամներ գտնվում են աշխատանքային տարիքում: Ավելին՝ ապահով ընտանիքների գլուխների ավելի քան 77 տոկոսն ունի ամուսին։ Այսպիսով, ամբողջական ընտանիքի առկայությունը հիմնականում բնութագրում է ապահովված ընտանիք: Կրթության մակարդակն ամենաբարձրն է 10-րդ դեցիլում, որի 56,3 տոկոսն ունի հիմնական կրթություն:
Միջին խավը հասարակության հիմքն է։ Այս խավն ունի ամենաշատ երեխաների թիվը։ Այս ընտանիքների անդամների մոտավորապես 25 տոկոսը երեխաներ են՝ ի տարբերություն հարուստ խավի, որը համեմատաբար ավելի քիչ երեխաներ ունի։ Ամենաապահով 10-րդ դեցիլային խմբում երեխաների տոկոսը կազմում է 21 տոկոս։
Ամբողջական ընտանիքի առկայությունը էականորեն ազդում է ապահով և միջին խավի ձևավորման վրա, մինչդեռ ցածր խավին առավելապես բնորոշ է միայնությունը։
Աղյուսակ 1. ՀՀ տնային տնտեսությունների ժողովրդագրական վերլուծություն
| Armenia’s Household Demographics | |||||||||||
| Summary of demographic and income information in 2022 | |||||||||||
| Household Decile | Average Monthly Income (in thousand AMD) | Demographic Information | Household Composition (Average) | Head of Household (HH) Details | |||||||
| Working-Age Population (%) | Senior Population (over 63, %) | Child Population (0-17, %) | Household Size | Working-Age | Children | Average Age of HH | Proportion of Female in HH (%) | HH with Basic Education (%) | Married HH (%) | ||
| 1 | 65.9 | 52.9% | 33.6% | 13.5% | 1.86 | 0.98 | 0.25 | 65 | 68.6% | 40.6% | 23.8% |
| 2 | 105.0 | 46.9% | 37.5% | 15.6% | 2.24 | 1.05 | 0.35 | 66 | 53.1% | 40.5% | 39.8% |
| 3 | 143.1 | 50.5% | 31.0% | 18.5% | 2.72 | 1.37 | 0.50 | 64 | 43.4% | 40.2% | 52.4% |
| 4 | 186.0 | 55.2% | 23.2% | 21.6% | 3.17 | 1.75 | 0.68 | 62 | 37.2% | 42.4% | 57.4% |
| 5 | 231.3 | 54.4% | 20.2% | 25.4% | 3.62 | 1.97 | 0.92 | 61 | 35.0% | 43.1% | 60.3% |
| 6 | 277.4 | 59.0% | 18.2% | 22.8% | 3.78 | 2.23 | 0.86 | 59 | 25.8% | 47.5% | 70.8% |
| 7 | 336.5 | 58.0% | 15.3% | 26.7% | 4.16 | 2.42 | 1.11 | 58 | 26.5% | 46.2% | 68.8% |
| 8 | 409.8 | 59.9% | 15.2% | 24.9% | 4.47 | 2.68 | 1.11 | 59 | 25.2% | 47.8% | 71.3% |
| 9 | 517.6 | 61.2% | 15.8% | 23.0% | 4.81 | 2.95 | 1.10 | 60 | 18.7% | 49.2% | 77.3% |
| 10 | 722.6 | 65.0% | 13.9% | 21.2% | 5.00 | 3.25 | 1.06 | 59 | 18.3% | 56.3% | 77.5% |
| — | — | — | — | — | — | — | — | — | — | — | — |
Նշենք, որ այս վերլուծությունը տնային տնտեսությունների վերլուծության 2-րդ մասն է։
Առաջին վերլուծությունը կարդացեք այստեղ․
Ինչպես երևում է, մինչև 161 հազար դրամ ընդհանուր եկամուտ ստացող առաջին, երկրորդ և երրորդ դեցիլային խմբերի հիմնական դրամական եկամուտը գոյանում է կենսաթոշակից։*
Տնային տնտեսությունների ամենաաղքատ 10 տոկոսի հիմնական եկամտի աղբյուրը կենսաթոշակն է, որը կազմում է մինչև 85 հազար դրամ ստացող տնային տնտեսությունների եկամտի 67 տոկոսը, 12 տոկոսը՝ ընտանեկան նպաստն է, իսկ աշխատավարձը՝ ընդամենը 7 տոկոսը։ Նշենք, որ այս խմբում մեկ տնային տնտեսության հաշվով կենսաթոշակից միջին եկամուտը կազմում է 28 հազար դրամ։ Սա չի նշանակում, որ այս խմբի թոշակառուները միջինը ստանում են 28 հազար դրամ։ Պարզապես որոշ տնային տնտեսություններ այս խմբում չունեն 63 անց թոշակառու և այդ տնային տնտեսությունները կենսաթոշակ չեն ստանում։ Նույնը վերաբերում է աշխատավարձից ստացված միջին եկամտին։ Ըստ տնային տնտեսությունների բազայի 2022-ին 63 անց թոշակառուների մոտ միջին կենսաթոշակը կազմում է 46 245 դրամ։
Գծապատկեր 2. Դեցիլային խմբերի եկամուտների աղբյուրները, դրամ
3-ից 5-րդ դեցիլային խմբերի դրամական եկամուտի ավելի քան 10 տոկոսը ստանում են բարեկամներից, որոնք գտնվում են արտասահմանում։ Սա ամենամեծ տեսակարար կշիռն է։ Այս եկամուտը ստացվում է արտագնա աշխատողներից։
Ինչքան տնային տնտեսությունը ապահով է, այնքան մեծանում է ինքնազբաղվածությունից կամ բիզնեսից ստացված եկամուտի մասնաբաժինը։ Հուշագրավ է այն, որ 10-րդ խմբում, որը ներկայացնում է ամենաապահով 10 տոկոսը, աշխատավարձից ստացված եկամուտի տոկոսային կշիռը ավելի ցածր է, քան 9-րդ խմբում։ Ամենաապահով խավը առանձնանում է ինքնազբաղվածների համեմատաբար մեծ տոկոսով։ Նշենք նաև, որ այս խմբի եկամուտների 1 տոկոսը ձևավորվում է անշարժ գույքի վաճառքից, որը գծապատկերում ներառված է “այլ եկամուտներ” սանդղակում։
Գծապատկեր 3. Դեցիլային խմբերի եկամուտների աղբյուրները, տոկոս
*Նշում․ Տնային տնտեսությունների եկամուտները ձևավորվում են դրամական և ոչ դրամական աղբյուրներից։ Դեցիլային խմբերը հաշվարկվել են ընդհանուր եկամտի հիման վրա։ 2-րդ և 3-րդ գծապատկերները արտացոլում են միայն դրամական եկամուտների բաշխվածությունը ըստ խմբերի։ Առաջին աղյուսակի դեցիլային խմբերի միջին եկամուտը հաշվարկվել է կշռված մեդիանով։
Այս վերլուծության տվյալները վերցված են պաշտոնական աղբյուրից, մասնավորապես՝ տնային տնտեսությունների կենսամակարդակի (կենսապայմանների) ամբողջացված հետազոտության անվանազերծված միկրոտվյալների բազա (ըստ տնային տնտեսությունների)։ Տնային տնտեսությունների կենսամակարդակի ցուցանիշները կշռվել են։ Հաշվարկները կարելի է ստուգել այցելելով github-ի մեր էջը, որտեղ տրված են տվյալները, հաշվարկների և գծապատկերների կոդը։


