Wildberries-ը աճել է 35 անգամ 1 տարվա ընթացքում
2023 թվականի 4-րդ եռամսյակի կտրվածքով Wildberries ընկերությունը 4-րդ ամենախոշոր հարկատուն է, որի հարկերը մեկ տարվա ընթացքում աճել են 35 անգամ։
Նույն միտումը նկատվում է Մոբայլ Սենթր և Վեստա ընկերությունների մոտ, որոնց հարկային մուտքերը մեկ տարվա ընթացքում աճել են համապատասխանաբար 2,6 և 3,9 անգամ։ Այս ընկերությունները նույնպես 2023 թվականի ամենախոշոր 5 հարկատուների ցանկում են։
Անդրադառնանք յուրաքանչյուր ընկերությանը։
Վայլդբերիս
Wildberries-ը 2023 թվականի 4-րդ եռամսյակի կտրվածքով դարձել է 4-րդ խոշոր հարկատուն՝ վճարելով 13,9 մլրդ դրամ հարկ։ 2023 թվականի 4-րդ եռամսյակում իրենից առաջ են միայն «Գրանդ Տոբակո» (24,3 մլրդ դրամ), «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (18,5 մլրդ դրամ) և «Մոբայլ սենթր արտ» (16,0 մլրդ դրամ) ընկերությունները։
Նշենք, որ ընդհանուր 2023 թվականի համար Wildberries-ը 6-րդ տեղում է՝ վճարելով 26,5 մլրդ դրամ հարկ, որի կեսից ավելին վճարվել է վերջին եռամսյակում։
Դեռևս երկու տարի առաջ Wildberries ընկերությունը Հայաստանի խոշորագույն հարկատուների ցանկում 400-րդ հորիզոնականից էլ ցածր էր։ 2022 թվականին այս կազմակերպությունը վճարել է 0,8 մլրդ դրամ հարկ՝ մեկ տարում աճելով 35 անգամ։
Նշենք, որ այս կազմակերպության 2022 թվականին վճարված 762 միլիոն դրամ հարկի միայն 70,3 տոկոսն է եղել ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ), իսկ 21,6 տոկոսը՝ եկամտահարկ։ Փաստացի վճարված եկամտահարկի մասնաբաժինն ավելացել է 2023 թվականին, սակայն եկամտահարկի մասնաբաժինը զգալի կրճատվել է, քանզի այս կազմակերպության ԱԱՀ վճարները 1 տարվա ընթացքում աճել են 48 անգամ։
Նման արագ, էքսպոնենցիալ աճի պայմաններում Wildberries-ը հաջորդ տարի կարող է դառնալ ամենախոշոր հարկատուն։ Wildberries-ի հարկերի 97,5 տոկոսը ԱԱՀ է, մաքսատուրքեր չի վճարել, քանի որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է։
Աղյուսակ 1. Wildberries, 4-րդ խոշոր հարկատուն 2023 թվականի 4-րդ եռամսյակում
Մոբայլ Սենթր
Մոբայլ Սենթր կազմակերպության հարկերի 95,5 տոկոսը Ավելացված արժեքի հարկն է, որը համազոր է Wildberries ընկերությանը։ Ընդ որում՝ 2023 թվականին ընդհանուր հարկային վճարները 2022 թվականի համեմատ աճել են 2,6 անգամ (17,6 մլրդ դրամից մինչև 46,1 մլրդ դրամ), իսկ 2021-ի համեմատ՝ 10,4 անգամ։
2023 թվականի հունվարից մինչև նոյեմբեր Հայաստանն արտահանել է 442,3 մլն դոլարին համարժեք սմարթֆոններ, որոնք հիմնականում ներմուծվել են Վիետնամից և վերաարտահանվել Ռուսաստան։ Միայն սմարթֆոնների արտահանումը կազմել է ընդհանուր արտահանման 6 տոկոսը։
Գծապատկեր 2. Mobile Center, 3-րդ խոշոր հարկատուն 2023 թվականի 4-րդ եռամսյակում
Եթե մինչև 2021 թվականը ալկոհոլային խմիչքները՝ հայկական կոնյակի գլխավորությամբ, զբաղեցնում էին Ռուսաստան արտահանման առաջին տեղը, ապա այժմ դրանք հեռախոսներն ու սպառողական էլեկտրոտեխնիկան են։
Գծապատկեր 3. Սմարթֆոնների արտահանումը և ներմուծումը Հայաստան
Նշենք, որ մեր կողմից ստեղծվել է օնլայն հարթակ, որը գնահատում և կանխատեսում է Հայաստանի արտահանումը տարբեր տարածաշրջաններով և ապրանքներով։ Հարթակում տրված է ավելի քան 2000 կանխատեսում։
“ՓՐԻԹԻ ՈՒԵՅ” ՍՊԸ (Վեստա)
Ի տարբերություն Wildberries-ի և Mobile Center-ի, Pretty Way (Vesta) ընկերությունը իր հարկային եկամուտների ընդամենը 62,1 տոկոսն է ստացել ավելացված արժեքի հարկից։ Հատկանշական է, որ ի տարբերություն վերոնշյալ ընկերությունների, Pretty Way-ը վճարում է զգալի մաքսավճարներ։ 2023 թվականին ընդհանուր հարկային եկամուտները կազմել են 33,3 մլրդ դրամ, մաքսատուրքերը կազմել են 29,5 մլրդ դրամ կամ 88,6 տոկոս։ Մաքսատուրքերը սովորաբար հաշվարկվում են մաքսային արժեքի հիման վրա՝ ներառելով ներմուծվող ապրանքների արժեքը բոլոր կիրառելի հարկերի հետ միասին, ներառյալ ավելացված արժեքի հարկը։ Ուստի մաքսային եկամուտների մի մասը ներառում է ներմուծվող ապրանքների ԱԱՀ-ն։
Դրա մասին է վկայում նաև այն, որ 2023 թվականին նախապատրաստված բյուջեից Pretty Way-ին վերադարձվել է անուղղակի հարկերից 17,7 մլրդ դրամ (53 տոկոս)։ Նման վերադարձները կատարվում են հիմնականում մի պետությունից մյուս պետություն ապրանքի տեղափոխման հետ կապված անուղղակի հարկերի վերադարձից։
Pretty Way ընկերության հարկային եկամուտները 2023 թվականին 2022
թվականի համեմատ աճել են 3,9 անգամ (8,5 մլրդ դրամից մինչև 33,3 մլրդ
դրամ), իսկ 2021 թվականի համեմատ՝ 16,5 անգամ։ Հարկ է նշել, որ կենցաղային
տեխնիկան (համակարգիչներ, մոնիտորներ, հեռուստացույցներ, տպիչներ) կազմում
են ՀՀ արտահանման զգալի տոկոսը։ 2023 թվականին Էլեկտրական սարքավորումները
(արտաքին տնտեսական գործունեության 85 երկնիշ ծածկագր) կազմել
են արտահանման 13 տոկոսը։
Գծապատկեր 4. Vesta-ն (Pretty Way), 5-րդ խոշոր հարկատուն 2023 թվականի 4-րդ եռամսյակում



