Հայաստանում 2 մլն հայ 2100 թվականին
ՀՀ ժողովրդագրության վերլուծություն
Ըստ ժողովրդագրության շարժի կանխատեսումների՝ Հայաստանն ունի լրջագույն ժողովրդագրական խնդիր: 2100 թվականին Հայաստանում բնակվելու է ընդհամենը 2 միլիոն հայ, ըստ աշխարհի բնակչության հեռանկարները տվյալների բազայի (տե’ս առաջին գծապատկերը): Ակնկալվում է, որ Հայաստանի բնակչությունը կա՛մ մնալու է մոնոէթնիկ և տարիների ընթացքում փոքրանալու է, կա՛մ բնակչության մի մասը փոխարինվելու է այլ ազգերով:
2100 թվականին այլ հավասար պայմաններում Հայաստանում բնակվելու է 2 միլիոն հայ:
Գծապատկեր 1.
Կանխատեսված միտումը հիմնված է մինչև 2019թ. գրանցված տվյալների հիման վրա: Կանխատեսման մեջ հաշվի առնված չեն 2020 թվականի 44-օրյա Արցախյան պատերազմի, 2023 թվականի Արցախի կորուստի և որպես հետևանք արցախահայության արտագաղթի, ինչպես նաև ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով Ռուսաստանի Դաշնությունից մոտ 100-140 հազար ռելոկանտների Հայաստան տեղափոխվելու, և վերջին երկու տարիների ընթացքում համեմատաբար մեծ քանակությամբ Հնդկաստանի քաղաքացիների՝ Հայաստան ներգաղթի հանգամանքները: ՌԴ 100-140 հազար քաղաքացիների ներգաղթը կազմում է Հայաստանի բնակչության 3-4 տոկոսը: ՌԴ ռելոկանտների զգալի մասը հայ է: Նշենք, որ ըստ, էկոնոմիկայի նախարարության տվյալների, ռելոկանտների մոտ մեկ երրորդ մասը վերջին շրջանում արդեն լքել է Հայաստանը: Այս զգալի փոփոխությունները դեռևս հաշվի չեն առնված այս կանխատեսման մեջ: Սա որոշ չափով կարող է մեղմել ժողովրդագրական խնդիրը:
Ընդգծենք նաև, որ Հայաստանում արդեն հաստատվել են մեծ քանակությամբ Հնդկաստանի քաղաքացիներ: Հնդկաստանից հիմնականում եկել են արական սեռի ներկայացուցիչներ՝ առանց իրենց ընտանիքների: Անհրաժեշտ է ուսումնասիրություն կատարել՝ պարզելու, թե ինչ ժամանակահատվածով են Հնդկաստանից եկած տղամարդիկ պլանավորում մնալ Հայաստանում և մշակել համապատասխան քայլեր՝ նրանց Հայաստանում լիարժեք ինտեգրման համար:
Գծապատկեր 2.
Գծապատկեր 2-ում ներկայացված է Հայաստանի բնակչության կանխատեսված տարիքային կազմը: Գծապատկերում առանձնահատուկ է 1990 թվականը, երբ Հայաստանի բնակչությունը համեմատաբար երիտասարդ էր՝ 38 տոկոսը կազմում էին 20 տարեկանից ցածր անձինք: Մինչև այդ ժամանակահատվածը գրանցվել էր բնակչության աճի զգալի տեմպ, որը հետագայում կտրուկ հետընթաց ապրեց: Հետընթացի պատճառները մի քանիսն էին՝ Սպիտակի երկրաշարժը, ԽՍՀՄ-ի փլուզումը և տնտեսական անկումը (Հայաստանում այդ տարիներին գրանցվել էր ամենաբարձր հիպերինֆլյացիան), ինչպես նաև Արցախյան պատերազմը: Ընդհանուր առմամբ, 1990-1995թթ. ժամանակահատվածում բնակչությունը կրճատվել է 9 տոկոսով:
Նշենք, որ Վրաստանում, որտեղ բացակայում էին երկրաշարժը և պատերազմական իրավիճակը, նույն ժամանակահատվածում գրանցվել է բնակչության 8 տոկոս անկում: Քանի որ Վրաստանում նշված ժամանակահատվածում չի եղել լայնամասշտաբ պատերազմ և երկրաշարժ, ապա կարելի է ենթադրել, որ բնակչության արտագաղթի հիմնական պատճառը ԽՍՀՄ փլուզումն է եղել և դրա հետևանքները:
Հարկ է նշել, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանում հակառակ միտումն է գրանցվել, բնակչությունն աճել է 7.3 տոկոսով: Սա բացատրվում է նրանով, որ Ադրբեջանում բնակչության կենսամակարդակը ավելի ցածր է եղել, քան հարևան անդրկովկասյան երկրներում, ուստի պատերազմի և տնտեսական փոփոխությունների ֆոնին կենսամակարդակի մեծ տատանում չի արձանագրվել: Ընդգծենք, որ 1990թ. Ադրբեջանի բնակչությունը կազմել է 7.2 միլիոն, իսկ 2020թ.՝ արդեն 10.2 միլիոն:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև հետևյալ վերլուծությունը.
Եթե շարունակենք Հայաստանի 1990 թվականի աճի միտումը, առանց հաշվի առնելու աշխարհաքաղաքական փոփոխությունները, ապա Հայաստանի բնակչությունը 2020թ. պետք է հատեր 4 միլիոնը: Նշենք նաև, որ 1990 թվականներին գրանցված տնտեսական ցնցումների կամ «մութ ու ցուրտ» տարիների կրկնությունը կարող է նորից մոտ մեկ քառորդով կրճատել Հայաստանի ապագա ազգաբնակչությունը:
Ներկայացնենք ՀՀ ազգաբնակչության կանխատեսման սեռատարիքային կազմը (գծապատկեր 3):
Գծապատկեր 3.
Գծապատկերում երևում է հստակ դիսբալանս տղամարդկանց և կանանց քանակի միջև: Իգական սեռի ընհանուր ներկայացուցիչների թիվը այս պահին մոտ 12 տոկոսով գերազանցում է արական սեռին, և այս դիսբալանսը դեռ երկար տարիներ շարունակվելու է: Հայաստանում առկա է սելեկտիվ աբորտների խնդիրը: Մինչև 20 տարեկան տղաների թիվը 2020թ. 13.5 տոկոսով գերազանցում է աղջիկների թվին:
Ըստ կանխատեսման՝ առկա է նաև աշխատուժի կրճատման զգալի խնդիր: Այս պահին բնակչության 53%-ը, այսինքն մոտ 1.5 մլրդ մարդ, գտնվում է 20-59 տարեկան խմբում: 2050 թվականին կանխատեսվում է, որ 48 տոկոսը, կամ 1.3 մլրդ մարդ է գտնվելու այդ խմբում, իսկ 2100 թվականին՝ 44% տոկոսը, կամ 0.5 մլրդ մարդ է գտնվելու աշխատանքային տարիքի մեջ:
Փաստացի 2020 թվականին Հայաստանում 60 անց կանանց թիվը 20 տոկոսով ավելի է, քան տղամարդկանց թիվը: Մեր նախկին հետազոտությունը ցույց է տվել, որ որքան մեծ է տնային տնտեսության գլխի տարիքը և որքան մեծ է տնային տնտեսության գլխի այրի կին լինելու հավանականությունը, այնքան մեծ է ընտանիքի անապահով խավի մեջ հայտնվելու հավանականությունը: Անապահով տնային տնտեսությունները հիմնականում բաղկացած են տարեց այրի կանանցից, ովքեր չունեն հարազատներ, որոնց մոտ 40 տոկոսն ունի հիմնական կրթություն:
Հայաստանի ընտանիքների ուսումնասիրությունը ըստ սեռատարիքային կազմի և եկամտի մակարդակի կարող եք կարդալ այստեղ.
Հայաստանում սելեկտիվ աբորտների հիմնախնդիրը
Նշենք, որ 2000 թվականին Հայաստանում 100 նորածին աղջկան բաժին էր ընկնում 117 նորածին տղա, ինչը մեծ շեղում է և առաջացնում է սեռերի դիսբալանս: Այդ տարի այս բացասական հարաբերությունը համեմատած աշխարհի այլ պետությունների ամենամեծը Հայաստանում էր: Այս հանգամանքը հիմնականում բացատրվում է սելեկտիվ աբորտներով, երբ ծնողները կամ ծնողը որոշում են դադարեցնել իգական սեռի պտղի զարգացումը:
Գծապատկերում ներկայացված են նորածին երեխաների սեռերի հարաբերության ամենախոշոր շեղում ունեցող 4 պետությունները (Չինաստան, Ադրբեջան, Հայաստան, Վիետնամ), ինչպես նաև Վրաստանի և աշխարհի մակարդակները:
Գծապատկեր 4.
Նշենք, որ բնական ծնունդների մակարդակով 100 նորածին աղջկան բաժին է ընկնում 105-ից 106 տղա: Այսինքն՝ առանց սելեկտիվ միջամտության արդեն իսկ առկա է որոշակի անհավասարություն ծննդի պահին: Դրա պատճառն այն է, որ համեմատած աղջիկների տղաները ավելի հավանական է, որ ծնվեն ներառական կամ այլ հիվանդություններով, և հասունացման ընթացքում ավելի հավանական է, որ մահանան: Բնականոն սեռերի հավասարությունը գալիս է սեռական հասունացումից հետո, երբ տղաների և աղջիկների քանակությունը հավասարվում է:
Նշենք, որ մինչև 1990 թվականը Հայաստանը գտնվում էր բնականոն՝ 100 աղջկան 106 տղա մակարդակի վրա: Արցախի առաջին պատերազմից հետո և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս բնականոն հարաբերությունը կտրուկ խախտվեց՝ ի օգուտ տղաների ծննդի, ինչը կարող է բացատրվել նրանով, որ պատերազմի ընթացքում նշանակալի քանակով տղամարդիկ են զոհվել, որի արդյունքում կանայք մոտ 10 տոկոսով տղամարդկանցից ավել էին:
2021 թվականին 100 նորածին աղջկան արդեն բաժին էր ընկնում 109.5 տղա, այսինքն իրավիճակը բարելավվում է: Ակնկալվում է, որ 2028 թվականին Հայաստանը կվերադառնա բնականոն՝ 100 նորածին աղջկան 106 տղա մակարդակին:
Աշխարհի բնակչության կանխատեսման վահանակ
Շնորհակալ կլինեմ, եթե առաջարկներ գրեք ինձ այս վահանակը կատարելագործելու համար, քանի որ մենք ձգտում ենք բարելավել դրա ֆունկցիոնալությունը և օգտագործման հեշտությունը:
Թեմայի տեսանյութը՝ Ինչքա՞ն հայ կունենանք Հայաստանում 2100 թվականին



