Էլեկտրական ցանցերի ազգայնացումը և ներդրողի վստահությունը
PanoramaamTV · 9 րոպե
«Մեր էլեկտրաէներգետիկ համակարգը բավականին մեծ խնդիրներ ունի, և խնդիրներից մեկն այն է, որ արևային էլեկտրաէներգիան այս պահին ապահովում է ընդհանուր արտադրության 14 տոկոսը։ Այն համակարգը, որ մեզ հասել է Սովետական Միությունից որպես ժառանգություն, պատրաստ չէ և նախատեսված չի եղել արևային էլեկտրաէներգիայի համար։ Մեր ընդհանուր ավտոմեքենաների մոտ 5 տոկոսը էլեկտրական է, այն դեպքում, երբ ասենք հինգ տարի առաջ չէին նկատվում դրանք, և տենդենց կա, որ մի հինգ տարում ընդհանուր ավտոմեքենաների 20-30-40 տոկոսը, որոնք գտնվում են մեր փողոցներում, լինի էլեկտրական, ինչպես նաև այս պահին ջեռուցումը շատերը ձգտում են էլեկտրականությամբ կազմակերպել։ Այս երկու հանգամանքը նույնպես բերելու է նրան, որ մեր էլեկտրաէներգիայի պահանջարկը կարող է երկու անգամ շեշտակի աճել։ ՀԷԿ-երը այս պահին արտադրում են մեր էլեկտրաէներգիայի մոտ 25 տոկոսը, սակայն տարեցտարի պակասում են, և ասենք մի քանի տարի հետո արևային էլեկտրաէներգիան կարող է ավելի շատ արտադրվել, քան ՀԷԿ-երի կողմից արտադրված էլեկտրաէներգիան։»
«Այնպես չէ, որ միանգամից ազգայնացվեց, և այդ խնդիրները լուծվեցին, որովհետև այդ խնդիրները պահանջում են մեծ քանակությամբ և բավականին մեծածավալ ներդրումներ։ Հիմա ապագայում ինչ-որ մի գործարարի ո՞նց ենք ներգրավելու, եթե նա գալու է ասելու՝ կներես, եղբայր, եթե ես հիմա միլիարդավոր դոլարների ներդրումներ եմ կատարում, որպեսզի այդ ամեն ինչը արդիականացվի, ո՞վ ինձ երաշխիք կտա, որ վաղը չէ մյուս օրը ինչ-որ օրենք չի փոխվի, նորից ամեն ինչ ազգայնացվի։ Ոչ միայն դա, ասենք ջուրը և այլ խոշոր ներդրումային դաշտեր, այստեղ որոշակի վստահության անկում կարող է առաջանալ, իսկ ներդրողների համար առաջին հերթին կարևոր է վստահությունը։ Շուկայի ազատականացում արվել է կամաց-կամաց, վիրաբուժական ճանապարհով, և որոշակի օգուտներ է տվել. օրինակի համար 24 թվականին մեծածավալ անջատումներ կային նաև Երևան քաղաքում, այս տարի բավականին կտրուկ կրճատվեցին։ Եվ այս կացնային հարվածով քայլը նոր խնդիրներ է առաջացնում։»