Աճի միֆերը. միջնաթիվ աշխատավարձ, ռեստորաններ և խաղադրույքներ
Shoghakat TV · 31 րոպե
«Կա միջին, միջինի տարբեր ձևեր կան, հիմնականում թվաբանական միջինի վրա են բոլորը հիմնված, բայց նաև կա մեդիան՝ միջնաթիվ, որը ոչ թե միջին աշխատավարձն է, այլ միջին մարդու աշխատավարձն է, որը ավելի ռեալ պատկեր է տալիս, թե միջին վիճակագրական մարդն ինչքան է ստանում։ Հայաստանի Հանրապետությունում միջին աշխատավարձը այս պահին 300 հազար դրամը անցել է, մոտավորապես 330 հազար դրամ է կեղտոտ, բայց հիմնական պատճառը այն է, որ հարուստներն են ավելի հարստացել։ Մեդիան՝ միջնաթիվ աշխատավարձը, միջին մարդու աշխատավարձը, այս պահին կազմում է մոտ 280 հազար դրամ, որից եթե հարկերը հանենք, լինելու է մոտավորապես 210-220 հազար դրամ։ Մյուս ավելի հետաքրքիր պատկերը այն է, որ ամենացածր 25 տոկոսը ստանում է 170 հազար դրամից ավելի քիչ կեղտոտ աշխատավարձ։»
«Այն մարդիկ, ովքեր ռեստորաններ են գնում, ասենք վերևի 30 տոկոսի շերտում են, կամ այն մարդիկ, ովքեր դա իրենց համար առաջնահերթություն են համարում և վարկ են վերցնում, որպեսզի այդպիսի բաներ անեն։ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել էր խաղադրույքների վիճակագրական աճը, և դա ապշեցուցիչ պատկեր է. 2022 թվականին 5.8 տրիլիոն դրամ կամ 14.4 միլիարդ դոլար, 2023 թվականին 6.3 տրիլիոն դրամ կամ 15.6 միլիարդ դոլար, 2024-ին 7.2 տրիլիոն դրամ կամ 18.2 միլիարդ դոլար։ Մարդիկ կան, որոնք ոչինչ չունեն կորցնելու և գնում են վա-բանկ և ամեն ինչ կորցնում են, և դա չի կարելի համարել որպես բարեկեցության ցուցանիշ։ Այս պահին հիվանդանոցում բուժվող հիվանդի պես մեր տնտեսության իրավիճակը կայուն է։ Սակայն հարց է առաջանում, ինչի հաշվին այդ աճն ապահովենք, որովհետև եթե անցյալի պես այդ աճն ապահովենք, ենթադրենք, բանկային համակարգի և այլ հարակից ծառայությունների հաշվին՝ առանց հիմնովին փոփոխություններ կատարելու, ապա միջին վիճակագրական քաղաքացին, իրական քաղաքացին կարող է դա չզգալ։»