Միջին թվերի հետևում. ՀՆԱ, աշխատավարձ և պարտք
ՏՏ ոլորտը. աշխատողներ չեն ավելանում, արդյունքն աճում է
Gortsarar aliq FM106.5 · 26 րոպե
«2023 թվականի սկզբից այս կողմ, այս երկուսուկես տարիների ընթացքում, ՏՏ ոլորտում ոչ աշխատողների թիվն է ավելացել, ոչ աշխատավարձն է ավելացել, որը առաջին հայացքից մտահոգիչ է, որովհետև սա կարող է նշանակել որոշակի ստագնացիա։ Սակայն ՏՏ ոլորտը այդպես չի աշխատում. ՏՏ ոլորտում կարող է աշխատողների թիվը և աշխատավարձը չփոխվել, բայց նորամուծություններ առաջանալ, այսինքն այն կոդը, որ իրենք աշխատեցնում են, ավելի լավ որակի լինել և ավելի ավելացված արժեք ապահովել։ Եթե մինչև 2022 թիվը մեկ աշխատողը տալիս էր մոտ 3 միլիոն դրամ ընդհանուր ՀՆԱ-ին, ապա այս պահին մեկ աշխատողը տալիս է 5 միլիոն դրամ։»
Պարտքը, դրամը և ծախսերի արդյունավետությունը
ReOpen Media · 8 րոպե
«Մեր մոտ դոլարային պետական պարտքը բավականին աճել է, սակայն պետական պարտքի ՀՆԱ-ին հարաբերությունը այնքան էլ չի աճել, այսինքն այս մի քանի տարիների ընթացքում 50% է մնացել։ Եթե 2018 թվականին ընդամենը 20%-ն էր դրամական պարտք, այս պահին 50%-ը դրամական է, 50%-ը դոլարային, որ փոխարժեքային ռիսկի իրականացման պարագայում ոչ թե 70% լինի, որը կատաստրոֆիկ կարող է լինել Հայաստանի Հանրապետության համար, այլ 60%։ Հայաստանի Հանրապետությունում ոչ այնքան փող վերցնելն է խնդիր, այստեղ ծախսերի խնդիրն է. մենք ունենք հստակ ծախսերի արդյունավետության ապահովման խնդիր, որը հստակ գնահատված չէ։»
Ինչ է թաքնված ՀՆԱ-ի աճի մեջ
Gortsarar aliq FM106.5 · 31 րոպե
«Անշարժ գույքի հետ գործունեությունների հիմնական ենթադասը ցույց է տալիս քո ընդհանուր պետության մեջ բնակարանների պոտենցիալ վարձակալության արժեքը։ Այսինքն դու կարող է հավելյալ արժեք չստեղծես, բայց եթե քո տնտեսությունում պոտենցիալ վարձակալության արժեքը աճում է, դու արձանագրում ես ՀՆԱ-ի աճ. դու տանը նստած ես, քո գրպանի պարունակությունը չի բարձրացել, բայց քո տան վարձակալության պոտենցիալ գինը բարձրացել է, որ ապահովել է ՀՆԱ-ի աճ։ Միջին ցուցանիշը Հայաստանի Հանրապետությունում ՀՆԱ-ի աճի վերջին 20 տարիների ընթացքում մոտավորապես կազմում է 4 տոկոս, որը բավականին լավ ցուցանիշ է իրականում, և ինչ էլ անենք, չանենք, հետ է վերադառնալու այդ ցուցանիշին։»
Հանքարդյունաբերությունը՝ մարզերի հակակշիռ
Gortsarar aliq FM106.5 · 28 րոպե
«Վերջին տարիների տնտեսական զարգացումները հիմնականում եղել են մայրաքաղաք Երևանում, և հանքարդյունաբերությունը հանդիսանում է հիմնական հակակշիռը մարզային զարգացման համար։ Հանքարդյունաբերությունը ապահովում է այս պահին մոտ 13 000 աշխատատեղ, հիմնականում հենց մարզերի շրջանակում։ Այս թիվը բավականին աճել է. 2018 թվականին կազմում էր 9200 աշխատող։ Հիմնականում բնությանը վնաս պատճառում են ոչ թե մեծ հանքեր, այլ փոքր հանքերը, որովհետև մեծ հանքերը կարողանում են հավելյալ մեծ քանակությամբ ներդրումներ կատարել այդ բացասական վնասները մինիմիզացնելու համար։»
Դրսից եկած քամիները և արդարացված պարտքը
Gortsarar aliq FM106.5 · 30 րոպե
«2002-ից 2007 թվականներին մենք ունեինք միջինը 12% տնտեսական աճ, սակայն հասկանալի էր, որ 10 տոկոսային կետը տնտեսական աճի դրսից էր գալիս, մենք 2%-ն էինք ապահովում։ Պատկերացրեք՝ դրսից եկած քամիները փողի տեսքով բարձրացրեցին Հայաստանի Հանրապետության անունով ինքնաթիռը դեպի օդ, և հանկարծակի այդ օդը էլ չկար, և այդ ինքնաթիռը ոչ թե վայրէջք կատարեց, այլ ընկավ և փլուզվեց։ Եթե դու հասկանում ես, որ այս պահին պարտք ես վերցնում, որ քո ապագա եսը իրեն լավ զգա, այսինքն որոշակի ներդրում ես կատարում, գործարան ես ստեղծում, ապա այդ պարտքը արդարացված է։»
Միջին աշխատավարձը և միջին մարդու աշխատավարձը
Gortsarar aliq FM106.5 · 27 րոպե
«Միջին մարդու աշխատավարձը Հայաստանի Հանրապետությունում այս պահին կազմում է, կեղտոտ աշխատավարձի մասին է խոսքը, մոտ 240 000 դրամ, եթե հարկերը հանենք, ապա այդ թիվը դառնալու է մոտ 175 000 դրամ, այսինքն աշխատողների կեսը ստանում է 175 000 դրամից ավելի քիչ մաքուր աշխատավարձ։ Բանկային ոլորտում միջին աշխատավարձը այս պահին գրեթե միլիոն դրամ է, իսկ մեդիան աշխատավարձը բանկային համակարգում մոտ 400 000 դրամ է։ Կատակ կա, որ վիճակագիրը միակ մասնագետն է, որը կես մետր միջին ջրում կարող է խեղդվել։»
Կենսաթոշակների 50% բարձրացումը
PanoramaamTV · 5 րոպե
«Գնաճը ավելի բարձր տոկոսային կշռով է անդրադառնում ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների վրա, քանի որ իրենք հիմնականում սպառում են սննդամթերք, այսինքն իրենց զամբյուղի 50-60%-ը կազմում է սննդամթերքը։ Վերջին երկու տարիների ընթացքում մենակ կարտոֆիլը 67%-ով աճ է արձանագրել, ընդհանուր բանջարեղենները՝ 25%-ով։ Եթե մենք խոսում ենք բոլոր կենսաթոշակների բարձրացման մասին, ապա այս պահին ինչ բյուջե ունենք, դրա երկուսից 3%-ն է կազմելու, և դա կարելի է կատարել երկու-երեք տարվա ընթացքում։»