Երկաթուղի և TRIPP. ո՞րն է Հայաստանի շահը
Gortsarar aliq FM106.5 · 29 րոպե
«2008 թվականին տեղի ունեցան Աբխազիայի դեպքերը, որից հետո մեր երկաթուղին կտրվեց արտաքին աշխարհից, և այս տեսանկյունից մեր երկաթուղին որբ է։ Ճիշտ է, կոշտ բառ եմ օգտագործում, բայց նկատի ունեմ, որ չի կարողանում այն ծավալով սպասարկել տնտեսությանը, ինչքան պոտենցիալ ունի։ Մենք բաց տնտեսություն ենք, բայց ծովի ելք չունենք և չորս սահման ունենք, որոնց բոլորի հետ էլ խնդիրներ ունենք։ Ձմռանը այս սահմանների անցանելիությունը բավականին ընկնում է, և Հայաստանում ձմեռը գները բավականին աճում են, ամառը գնանկում կա։ Բենզինը, վառելիքը, հացահատիկը ներմուծում ենք աշնանը, սակայն այն ապրանքները, որոնք արագ փչանում են, օրինակ միրգը, լոլիկը, ձմռանը բավականին թանկանում են։ Եթե մենք երկաթուղին կարողանանք նորմալ գործարկել և հստակ կապ ունենանք, այս խնդիրը կլուծվի։»
«Թրամփի ուղին որոշակի տնտեսական պոտենցիալ ունի Հայաստանի Հանրապետության համար, սակայն քանի որ Պարսկաստանում այս պահին ռազմական դեպքեր կան, կարող է դա հետաձգվի, որովհետև դա ներդրողներն են հիմնականում անում։ Կա ուրիշ հանգամանք էլ՝ տնտեսական. դա Պարսկաստանի հետ էլեկտրաէներգիա գազի դիմաց բարտերն է, որը Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության տեսանկյունից շատ կարևոր է։ Մենք չունենք մարտկոցային հզորություններ, և Պարսկաստանը մեր համար մարտկոց է. հավելյալ էլեկտրաէներգիան, որը չենք կարողանում սպառել, միանգամից ուղարկվում է Պարսկաստան։ Ինչքան տնտեսությունը բաց սահմաններ ունենա, այնքան տնտեսապես ավելի օգտակար է, սակայն տնտեսական աճը և տնտեսական անվտանգությունը չպիտի խառնել։ Ինչքան մենք մեզ Շվեյցարիայի պես պահենք, այնքան Շվեյցարիայի պես կհարստանանք։»