Անշարժ գույքի նոր ալիքը և Երևանի գերթանկ բնակարանները
Oragir.News · 12 րոպե
«Եթե նայենք ընդհանուր առմամբ անշարժ գույքի շուկայի մասին տեղեկատվությունը վերջին երկու տարվա ընթացքում, ապա տվյալները իրարամերժ են։ Ըստ կադաստրի կողմից հրապարակվող ցուցանիշների՝ 2025 թվականի կեսից մինչև 2026 թվականը մենք ունեինք անշարժ գույքի շուկայում գների սառեցում, սակայն վերջին ցուցանիշները ցույց են տալիս, որ բավականին աճել են վարձակալության գները, ինչպես նաև աշխուժացել է անշարժ գույքի և շինարարության շուկան։ Հիմնականում ազդակը եկել է Ռուսաստանի Դաշնությունից, ինչպես 2022 թվականին էր։ 2026 թվականին աճը սկսվեց ոչ թե սեզոնի բացմանը, այսինքն ամռան սկզբին, այլ օգոստոս ամսին, հիմնականում պայմանավորված այն լուրերով, որ Ռուսաստանում Պետդումայի ընտրություններից հետո նորից մոբիլիզացիա է հայտարարվելու, որը դեռևս չի հայտարարվել։ Եթե երեք ամիս առաջվա հետ համեմատենք, ապա վարձով տրվող բնակարանների զգալի մասը թանկացրել է գինը. Կենտրոնում՝ 41%-ը, Արաբկիրում՝ 48%-ը, իսկ Էրեբունի համայնքում՝ 71%-ը։ Ինչքան հեռանում ենք կենտրոնից, այնքան մեծ է գինը բարձրացրածների մասնաբաժինը, իսկ թանկացումն ինքնին գրեթե բոլոր համայնքներում մոտ մեկ հինգերորդն է՝ շուրջ 20%։ Սա հիմնականում պայմանավորված է նրանով, որ էժան տները միանգամից սպառվել են։ Ոչ բոլոր սեփականատերերն են բարձրացրել գները. 50%-ն են բարձրացրել, 50%-ը նույնն են թողել, սակայն նրանց տները շուկան միանգամից վերցրել է, և շուկայում մնացել են հիմնականում բարձր գնով բնակարանները։»
«Այս սեզոնին, այսինքն երրորդ եռամսյակում, Ռուսաստանի Դաշնությունից եկել է մոտավորապես 400 000 հոգի, և եթե մեկ օրվա կտրվածքով նայենք, ապա այդ թիվը այս պահին հասնում է գրեթե 100 000 հոգու, որը նույն մակարդակի վրա է, ինչ 2023 թվականի պիկային սեզոնը։ Այսինքն մենք այս պահին հավելյալ 100 000 հոգի պիտի սպասարկենք օրեկան, և այդ մարդիկ հավելյալ բնակարաններ պիտի գտնեն։ Գյուղատնտեսությունում խնդիրներ կան, և գյուղատնտեսությունը անկում է ապրում, սակայն Երևանի կենտրոնը ապահովում է աճ, որը ընդհանուր հանրապետության համար զգալի աճ է ապահովում։ Շղթան հետևյալն է. աշխարհի փոփոխություններով պայմանավորված՝ մեծ քանակությամբ մարդիկ զբոսաշրջիկների տեսքով գալիս են Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաև կապիտալ է դրսից գալիս։ Սա մտնում է բանկային համակարգ, բանկային համակարգը աճ է ապահովում, որը ՀՆԱ-ի 20 ճյուղերից մեկն է, իսկ մարդկանց և կապիտալի հոսքը բերում է նաև անշարժ գույքի գների և շինարարության աճի։ Սա բերում է տնտեսական աճ, սակայն հասարակ քաղաքացու համար ամեն ինչ թանկանում է։ Կարելի է սպասել, որ սա նույնպես ժամանակավոր երևույթ է լինելու, ինչպես 2022 թվականին էր։ Պետությունը այստեղ ոչ թե կարող է վերևից սահմանափակել գինը, այլ հասկանալ, թե ով իրականում կարիք ունի այս պահին, այնպես անել, որ կոռուպցիա չառաջանա, և այդ մարդկանց միգուցե ժամանակավոր որոշակի աջակցություն ստեղծել։»
Թեմայի վերլուծությունը՝ Ժամանակավոր զբոսաշրջիկը. ռեկորդային սեզոնը և դրա ազդեցությունը Երևանի վարձակալության շուկայի վրա