Արևային վտանգ և էլեկտրաէներգիայի նոր պահանջարկ
Oragir.News · 14 րոպե
«Ատոմակայանը Հայաստանի Հանրապետության հինգ ամիս կանգնած էր, և հիմնականում այդ արտադրության ծավալները ընկնում են ջերմաէլեկտրակայանների վրա, որոնք աշխատում են Ռուսաստանից եկած գազով։ Եթե Ռուսաստանից գազի թանկացում լինի, ապա դա անխուսափելիորեն էլեկտրականության թանկացման վրա էլ է անդրադառնալու։ Արևայինը վեց տարի առաջ զրո էր, այս պահին մեր ընդհանուր արտադրության 18%-ն է, և սա առաջին հայացքից կարող է թվալ, որ լավ է։ Խնդիրն այն է, որ արևային էլեկտրաէներգիան ունի զգալի սեզոնայնություն՝ ինչպես տարվա կտրվածքով, այնպես էլ օրվա կտրվածքով։ Էլեկտրաէներգիան այն եզակի ապրանքներից է, որ արտադրվեց, պետք է միանգամից սպառվի. պիկային արտադրությունը արևայինի լինում է ցերեկվա ժամին, իսկ պիկային սպառումը երեկոյան ժամերին է՝ վեցից հետո։»
«Միևնույն ժամանակ պահանջարկն աճում է. էլեկտրական մեքենաների թիվը օրեցօր շատանալու է, նորակառույցների գրեթե կեսը կառուցվում են առանց գազի, իսկ մեկ ամիս առաջ Հրազդանում բացվեց „Firebird“ կենտրոնը, որը 300 մեգավատ հզորություն ունի։ Մենք կանգնելու ենք նրան, որ էլեկտրաէներգիա արտադրող և արտահանող պետությունից դառնալու ենք ներմուծող պետություն։ Եթե ուզում ենք էներգիան չթանկանա, անկախ լինենք էներգապես, պետք է մտածենք մարտկոցային հզորությունների մասին, որը մենք չունենք։ Քանի որ Հայաստանը աշխարհագրական դիրքով բավականին գոգավոր պետություն է՝ լանջեր, ձորեր, առաջին հերթին պետք է մտածենք հիդրոկուտակիչ էլեկտրակայանների մասին։ Պատկերացրեք՝ երկու լճակ ունենք, և այն պիկային ժամին, հենց որ արևային էլեկտրաէներգիան կարողանում է ապահովել մեր ամբողջ պահանջարկի 100%-ը, այդ էլեկտրականությունը օգտագործում ենք, մղում ենք ջուրը ներքևի լճակից դեպի վերևի լճակ։ Երեկոյան ժամին, հենց որ հավելյալ էլեկտրաէներգիան մեզ պետք է, հակառակը՝ ջուրը բաց ենք թողնում։»
Թեմայի վերլուծությունը՝ Էներգետիկ խնդիր. արևային վտանգ և ամառային ռեկորդներ ռուսական գազի հաշվին