Որբ երկաթուղին և նոր երթուղիները
SHANT NEWS · 20 րոպե
«Նշեմ, որ հայկական երկաթուղին, ես չեմ վախենա այդ բառից, որբ է։ Եթե նայենք համաշխարհային երկաթուղային ցանցերը, ապա նրանք սպասարկում են առևտուրը տարբեր պետությունների միջև կամ երկրի ներսում առևտրի մեծամասնությունը։ Օրինակ՝ ՌԺԴ-ն՝ ռուսական երկաթուղիները, սպասարկում է ռուսական տնտեսության մեծ հատվածը, ինչպես նաև ներքին զբոսաշրջության զգալի հատվածը, իսկ Եվրոպայում երկաթուղիները սպասարկում են տարբեր պետությունների միջև առևտրաշրջանառությունը։ Հայաստանի Հանրապետությունում երկաթուղին այս պահին փաստացի սպասարկում է Երևանի և Թբիլիսիի միջև ուղին, և այս տեսանկյունից այն բավականին ցածր աշխատունակություն ունի՝ համեմատած իր պոտենցիալի հետ։ Եթե այն միավորվի ցանկացած համաշխարհային երկաթուղային ցանցի հետ, իր պոտենցիալը և մրցունակության աստիճանը տնտեսության համար բավականին կմեծանա։ Զուր չէ, որ կոնցեսիոն համաձայնագիրը Ռուսաստանի հետ, երբ ՀԿԵ-ն՝ Հարավկովկասյան երկաթուղին, հանձնվեց ռուսական կոնցեսիոն կառավարման, կնքվել է 2008 թվականին, որովհետև այդ թվականին պատերազմը եղավ, և այդ ճանապարհը լիարժեքորեն փակվեց, և տրամաբանությունն այն էր, որ 30 տարվա ընթացքում խնդիրը կլուծվի, և մեր երկաթուղիները կկարողանան կապ հաստատել արտասահմանի հետ։»
«Անկախ նրանից, որ երկաթուղու անցողունակությունը փոքր է՝ համեմատած նրա պոտենցիալի հետ, այն կարևոր նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսության համար, հատկապես որ բենզինը, վառելանյութը և հացահատիկը՝ ցորենը, մենք երկաթուղով ենք ներմուծում։ Ռուսաստանի Դաշնությունից բեռները նախ գալիս են դեպի սևծովյան նավահանգիստներ, ապա նավով հասնում են Փոթիի նավահանգիստ և նորից երկաթուղով շարունակում են ճանապարհը, այսինքն տնտեսական արդյունավետության տեսանկյունից էլ այստեղ որոշակի խնդիրներ ունենք։ 2025 թվականի կեսից հայկական բեռները գնում են դեպի Թբիլիսի, Թբիլիսիից՝ Ադրբեջան, Ադրբեջանով՝ Ռուսաստան. սա ինչ-որ չափով ծախսերը կրճատում է, բայց եթե ուղիղ լինի, ավելի մեծ կլինի։ Ռուսական կողմը ներդրումներ քիչ է կատարում, որովհետև երկաթուղին զուտ դիտարկում է որպես շահույթ հետապնդող պրոյեկտ, սակայն սա ավելի ռազմավարական, քաղաքական նշանակություն ունի, և այդ տեսանկյունից պիտի ներդրումները շատանան։»
«Եթե մեր երկաթուղին կկարողանանք կապել ավելի մեծ տարածաշրջանային ցանցի հետ, դրա օգտակարությունը և պոտենցիալը մի քանի անգամ կբարձրանա Հայաստանի Հանրապետության համար, և առաջին հերթին մենք պիտի մտածենք ոչ թե ուղևորափոխադրման, այլ բեռնափոխադրման մասին։ Մեր խոշոր բիզնեսը իր բեռները կփոխադրի ոչ թե ավտոտրանսպորտով, որը խնդրահարույց է Լարսում, այլ վագոններով, գնացքներով, և մենք կունենանք այլընտրանքային արտահանման և ներմուծման ուղիներ, որտեղ Լարսի անցանելիությունն արդեն խնդիր չի լինի, կոռուպցիոն ռիսկեր չեն առաջանա։ Թրիփը և Ռուսաստանի առաջարկած ուղին երկուսն էլ բավականին մեծ աշխարհաքաղաքական ծանրաբեռնվածություն ունեցող հարցեր են, և ներդրողները առաջին հերթին մտածում են երկարաժամկետ եկամտի մասին. եթե որոշակի աշխարհաքաղաքական վայրիվերումներ լինեն, այս երկու պրոյեկտները կարող են տեղից չշարժվել։ Օրինակ՝ Սասունցի Դավիթ կայարանը՝ մեր հիմնական երկաթուղային կայարանը, անմխիթար վիճակում է. շատ պավիլիոններ հանձնված են որպես առևտրի կետ, այնտեղ մտնում ես և չես զգում, որ դա եվրոպական ստանդարտներին համապատասխանող երկաթուղային կայարան է, այլ, կոպիտ ասած, բազար է։ Սասունցի Դավիթ կայարանի վերանորոգումը, նույնիսկ եթե այն այս պահին եկամուտ չբերի, կարող է բավականին մեծ արձագանք ունենալ հանրության մեջ և գործը առաջ տանել։»
Թեմայի վերլուծությունը՝ Բենզինի գնի շոկ. ուր անհետացավ ռուսական վառելիքը