ԵԱՏՄ-ից դուրս գալու ռիսկերը. գազ, գյուղատնտեսություն և էներգետիկա
Հ1 «Հանրային քննարկում» · 47 րոպե
«Ես մի խոսք ունեմ. դժվար է ասել ճիշտը որն է, սակայն ստի մեջ չէ այն, և ես միշտ աշխատում եմ ճիշտը ներկայացնել՝ ճիշտ տվյալների հիման վրա։ Անկախ քաղաքական հայտարարություններից, անկախ նրանից՝ ինչ է հայտարարում Մոսկվան կամ Երևանը, պետք է հասկանալ, որ Հայաստանի Հանրապետությունը միշտ ձգտել է «և՛-և՛» բանաձևին՝ լավ լինել և՛ ԵԱՏՄ պետությունների, և՛ Եվրոմիության հետ։ Եվ եկեք անկեղծ լինենք ինքներս մեզ հետ. վերջին շրջանի տնտեսական աճը հիմնականում պայմանավորված է եղել նրանով, որ սանկցիաներով պայմանավորված Ռուսաստանին, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետությանը մենք օժանդակել ենք, որպեսզի իրենց ֆինանսական միջոցներն այլ ուղղություններով գան Հայաստան, և մենք միջնորդ լինենք։ Ունենք խնդիրներ, որոնք հիմնականում պայմանավորված են ոչ թե Եվրոմիության, այլ Ռուսաստանի Դաշնության հետ, որովհետև այս պահին ԵԱՏՄ համաձայնագիրը լիարժեքորեն ի կատար չի ածվում. կապիտալի շարժի ազատությունը չի գործում, Ռուսաստանը թե՛ կապիտալի արտահոսքի, թե՛ ներհոսքի վրա դրել է որոշակի սահմանափակումներ, իսկ մեր գյուղատնտեսական ապրանքի արտահանումը վերջին շրջանում 50%-ով կրճատվել է՝ համեմատած 2025 թվականի հետ։ Դիվերսիֆիկացիան նոր է հայտարարվում, որովհետև կանգնել ենք խնդրի առջև. հայտարարել են դիվերսիֆիկացիայի մասին, բայց էլ ավելի մեծացել է կախվածությունը Ռուսաստանից։ Եթե նայենք՝ 2018 թվականից մինչև 2025 թվականի վերջը Հայաստանի արտահանումը դեպի ԵԱՏՄ ու Ռուսաստան աճել է չորսուկես անգամ, իսկ դեպի Եվրոմիություն՝ չկա։»
«Նույնիսկ գազի հնարավոր 63% թանկացումը, որի մասին այս պահին խոսում ենք, չի համապատասխանում ԵԱՏՄ համաձայնագրին, և սա ավելի շատ քաղաքական դաշտում է գտնվում, քան տնտեսական։ Ինչ վերաբերում է դիվերսիֆիկացմանը՝ բենզինը Հայաստանի շուկայում արդեն դիվերսիֆիկացված է. եթե 2023 թվականին բենզինի 90 տոկոսը գալիս էր Ռուսաստանի Դաշնությունից, հիմա 20 տոկոսն է գալիս, և այդ թիվը կամաց-կամաց կրճատվում է։ Հիմա Թուրքիայից էլ է գալիս, Ադրբեջանից էլ, բայց հիմնականում Սև ծովի երկրներից, և դա բերել է նրան, որ մենք միջազգային գներով ենք բենզին առնում. գինը չի թանկանա 60%-ով, կթանկանա 10-20%-ով։ Մենք հանդիսանում ենք Ռուսաստանի Դաշնության համար արտաքին աշխարհի հետ կապող միջնորդ. մի կողմից ԵԱՏՄ անդամ պետություն ենք և բարի դրացիական հարաբերությունների մեջ ենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ, մյուս կողմից՝ միջազգային ֆինանսական շուկայի անդամ։ Երբ սթրեսով պայմանավորված այդ պետություններից փողը գալիս է Հայաստան, գնում է այլ երկրներ՝ Շվեյցարիա, Էմիրություններ և այլն, մյուս կողմից էլ ապրանքները, որ պահանջում է Ռուսաստանի Դաշնությունը. ես ոչ միայն վերաարտահանման մասին եմ խոսում, այլև, օրինակ, կտրված ծաղիկների, որոնց շուկան չկար Հայաստանի Հանրապետությունում մինչև սանկցիաները։ Այս տեսանկյունից մենք հանդիսանում ենք որոշակի հանգույց Ռուսաստանի Դաշնության համար, որ նա կարողանում է ֆինանսական և առևտրաշրջանառության կապերն ինչ-որ չափով պահպանել արտաքին աշխարհի հետ. այնպես չէ, որ Ռուսաստանն առհասարակ կորցնելու բան չունի։»
«Մենք ընդհանուր էլեկտրաէներգիայի հետ խնդիր ունենք։ Հայաստանում կառուցվող արևայինը ունենալու է մեր տարեկան էլեկտրաէներգիայի պահանջարկի մոտ 10 տոկոսը, և եթե ուզում ենք վերամշակող պետություն լինել, այլ ոչ թե հանքային արտադրանք արտադրել, ապա պիտի երկարաժամկետ մտածենք էլեկտրաէներգիայի արտադրության 50%-ով ավելացման, նույնիսկ կրկնապատկման մասին։ Արևայինն ունի իր խնդիրները. օրվա ընթացքում պիկը ժամը 12-ին է, իսկ պիկային սպառումը՝ երեկոյան, և սա բերում է բավականին մեծ սթրեսի ընդհանուր համակարգի վրա, որն առանց այն էլ սթրեսային վիճակում է։ Բայց մենք կարող ենք հիդրոակումուլյացիոն կուտակիչ կայան (ՀԱԿԿ) կառուցել. դա երկու ջրավազան է՝ մեկը ներքևում, մեկը վերևում։ Պիկային արևային էլեկտրաէներգիայի ապահովման ժամանակ ներքևի ավազանի ջուրը մղում ենք դեպի վերև՝ էլեկտրականություն ծախսելով, իսկ երեկոյան, հենց որ էլեկտրականությունը մեզ պետք է, ջուրը հետ է իջնում։ Սա նորմալիզացնելու է արևային էլեկտրաէներգիան, որ կարողանանք էլ ավելի շատ արևային կայաններ դնել և բավարարել մեր ներքին պահանջարկը։ Սա այլընտրանքային ճանապարհներից մեկն է, որովհետև մինչև ատոմակայանի հարցը լուծվի՝ բավականին երկար ժամանակ կարող է անցնել։»
Թեմայի վերլուծությունը՝ Էներգետիկ խնդիր. արևային վտանգ և ամառային ռեկորդներ ռուսական գազի հաշվին և Բենզինի գնի շոկ. ուր անհետացավ ռուսական վառելիքը