Տվյալների գաղտնիության հռչակագիր | Tvyal.com

Տվյալների գաղտնիության հռչակագիր

Սույն հռչակագիրը ներկայացնում է գործընկեր կազմակերպությունների տվյալների պաշտպանության ընդհանուր դրույթները, տվյալների կիրառման ձևաչափերը և անվտանգության հիմքերը:

Ընկերության տվյալները նրա առևտրային գաղտնիքն են: Ստորև շարադրվածը մեր աշխատանքի պայմաններն են, ոչ թե բարի կամքի հայտարարություն: Դրանք արտացոլվելու են պայմանագրի տեքստում:

1․ Տվյալները Ձերն են և մնում են Ձերը

Աշխատանքի ընթացքում մեզ հասանելի ցանկացած տվյալ պատկանում է Ձեզ: Դրանց նկատմամբ իրավունք չենք ձեռք բերում՝ ոչ աշխատանքի ընթացքում, ոչ դրանից հետո:

2․ Համակարգը տեղակայվում է Ձեր ենթակառուցվածքում

Համակարգն աշխատում է Ձեր սերվերի վրա՝ Ձեր տարածքում կամ Ձեր ընտրած սերվերային ծառայության մոտ: Աշխատանքային տվյալները չեն պատճենվում մեր սարքերի կամ մեր հաշիվների վրա:

3․ Ծրագրային կոդը հանձնվում է Ձեզ

Հանձնման պահին ստանում եք ամբողջական ծրագրային կոդը, տվյալների բազայի կառուցվածքը և տեխնիկական փաստաթղթավորումը:

Այս կետը գիտակցված ընտրություն է: Հաճախորդին կախվածության մեջ պահելը մեր աշխատելաոճը չէ: Մեր որակը մեր խոսքի և արժեքների մեջ է:

4․ Հասանելիություն սպասարկման նպատակով

Մշտական հասանելիություն համակարգին կամ Ձեր տվյալներին չունենք:

Երբ խափանման վերացումը պահանջում է մեր միջամտություն, գործում է հետևյալ կարգը՝

  • հասանելիությունը տրվում է միայն Ձեր թույլտվությամբ, յուրաքանչյուր դեպքի համար առանձին,
  • այն ժամկետային է և ավարտվում է աշխատանքի ավարտին,
  • այն տրվում է Ձեր վերահսկողության ներքո՝ Ձեր ցանցի և Ձեր նույնականացման միջոցներով,
  • բոլոր գործողությունները գրանցվում են, և գրանցամատյանը մնում է Ձեզ մոտ,
  • սպասարկման ընթացքում դիտված տվյալները դուրս չեն բերվում Ձեր ենթակառուցվածքից:

Այս կետը գրված է բացահայտ, որովհետև այլ կերպ ճիշտ չէր լինի: Համակարգը չի կարող միաժամանակ լինել լիովին անհասանելի մեզ համար և վերանորոգելի մեր կողմից:

5․ Երրորդ անձանց չենք փոխանցում

Ձեր տվյալները չեն փոխանցվում երրորդ անձի՝ ոչ մասնակի, ոչ ամբողջական, ոչ վերամշակված տեսքով:

Առանձին՝ արհեստական բանականության մասին: Մեր ներդրած մոդելներն աշխատում են տեղում՝ Ձեր սերվերի վրա: Ձեր տվյալները չեն ուղարկվում արտաքին ծառայությունների, այդ թվում՝ միջազգային AI հարթակների: Արտաքին ծառայություն ուղարկված տվյալի նկատմամբ վերահսկողությունն անվերադարձելի կորչում է:

6․ Գաղտնիության համաձայնագիր

Փոխադարձ գաղտնիության համաձայնագիրը ստորագրում ենք նախքան որևէ տվյալի հետ ծանոթանալը, նախնական գնահատման փուլից առաջ: Անվճար նախնական քննարկման ընթացքում Ձեզանից տվյալ չենք խնդրում:

7․ Միայն անհրաժեշտ տվյալներ

Մշակման փուլում օգտագործում ենք միայն կոնկրետ խնդրի համար անհրաժեշտ տվյալները: Հնարավորության դեպքում աշխատում ենք ապանձնավորված կամ նմուշային տվյալների վրա: Աշխատանքային պատճենները ջնջում ենք հանձնումից հետո և տալիս գրավոր հաստատում:

8․ Հրապարակումներ՝ միայն Ձեր թույլտվությամբ

Ձեր ընկերության անունը, տվյալները կամ նախագծի մանրամասները չեն օգտագործվում մեր հրապարակումներում, ներկայացումներում կամ կայքում առանց Ձեր առանձին համաձայնության:

Մեր շաբաթական տնտեսական վերլուծությունները հենվում են բացառապես հանրային աղբյուրների վրա: Հաճախորդների տվյալները դրանցում չեն օգտագործվում:

9․ Մրցակցային սահմանափակում

Պայմանագրի գործողության ընթացքում և դրանից հետո 12 ամսվա ընթացքում նույն նշանակության համակարգ չենք կառուցում Ձեր ուղղակի մրցակիցների համար՝ առանց Ձեր համաձայնության: Մրցակիցների ցանկը սահմանվում է պայմանագրով:

10․ Այս հռչակագրի կարգավիճակը

Վերոնշյալ կետերը տեղափոխվում են պայմանագրի տեքստ: Եթե որևէ կետ Ձեր անվտանգության քաղաքականությանը չի համապատասխանում, այն քննարկելի է մինչև ստորագրումը, ոչ թե դրանից հետո:

Աղասի Թավադյան

հիմնադիր և ղեկավար, «Տվյալ» ընկերություն

30 րոպեանոց զանգ

Սկսե՛նք 30 րոպեանոց զանգից

Միասին կնայենք Ձեր գործընթացներին և ազնիվ կասենք՝ ինչն արժե ավտոմատացնել, ինչը՝ ոչ։

Զանգ, որը նոր հնարավորություններ է բացում։